Sunday, 17 July 2011

Ճամփորդություն դեպի Արցախ /1ին օր /


Քանի որ վերջին բուռն օրերն ինձ ժամանակ չէին տրամադրում համակարգչի առաջ նստել, երեկ ես նոր գրառում անելու փոխարեն տեղադրեցի Արցախի նկարները բլոգում, բայց հետո ալարկոտությանս խղճի խայթն ինձ հանգիստ չտվեց,  և ես որոշեցի այնուամենայնիվ գրել  Արցախ կատարած իմ ճամփորդության մասին:
Երազում էի տեսնել Արցախը, բայց չէի պատկերացնում, որ այսքան շուտ կհաջողվի գնալ:
Մեկնեցինք ամուսնուս բժիշկ ընկերների հետ, սակայն ինձ գրավեց ճամփորդությունը նրանով, որ նրանում ինձ ընկերակցելու էին իմ 2 շատ սիրելի գեղեցկուհիներ Լիլկան ու Անուլը:Երեխեքը ինձ այնքան շատ նկարեցին, որ ֆիզիոնոմիաս արդեն մտածում էր, թե Աստղ եմ, բայց ինչ աստղ` ես էլ չգիտեմ:Ճ
Ոլոր մոլոր ճանապարհներով Արցախ հասանք 7 ժամ հետո, քանի որ բժիշկների մոտ կանգառները ավելի լավ էին ստացվում /կարողություն1/, քան ճանապարհ գնալը:Ընդհանրապես ես մի քանի հետևություններ արեցի բժիշկների հետ ճանապարհ գնալուց հետո, բայց դրանց մասին` վերջում:
Որպես շարքային Արարատի մարզի բնակիչ, ես մի տեսակ գլխապտույտ ունեցա ճանապարհների պիրուետներից, ու գնալիս ամբողջ ճանապարհն անցկացրեցի քնած:Դա քողարկված պասիվություն էր իմ կողմից, ցանկություն` չխառնվել բժիշկների քննարկումներին:











Շուշի հասնելուն պես զարթնեցի և Ղազանչեցոց եկեղեցուց տպավորված` միանգամից սթափվեցի:Գեղեցիկ էր եկեղեցին: Ճերմակ քարից պատրաստված եկեղեցին ռուսական եկեղեցու տեսք ուներ, իսկ հետո մոտեցող քահանան ավելի ամրապնդեց տպավորությունս , քանի որ նա էլ կարծես տիպիկ մալական  լիներ:Եկեղեցու շրջակայքը խնամված էր ու չափազանց մաքուր:Ցանկալի կլիներ նույնը տեսնել նաև Հայաստանի բոլոր պատմամշակութային վայրերում:
Քահանան մեզ ուղեկցեց խորանի տակ գտնվող խուցը, որտեղ ակուստիկայի հետ կապված հետաքրքիր երևույթ կար:Խուցի ուղիղ կենտրոնում կանգնելիս որևէ ձայն կամ բառ  արտաբերելիս արձագանքը ավելի ուժգին էր, քան խուցի ցանկացած այլ մասում:Նաև նկատեցինք, որ  դիմացի կանգնածի ձայնը  թվում էր  ավելի մոտ , քան իրականում կար:Երևույթից զարմացած ու եկեղեցով հիացած հեռացանք և շարունակեցինք մեր ճանապարհը:
Շուշիում դեռ կային պատերազմի հետքեր` շենքերի սևացած պատշգամբներ, ծակծկված պատեր, լքված տներ.......
Շուշիի ձորը շատ խորհրդավոր էր:Այն շատ նման էր  Ուրծի լեռներին, Խոսրովի անտառին : Ըստ մեր գիդ-ուղեկցորդ Բարսեղի, Շուշիի ձորից  պատերազմի ժամանակ ռմբակոծվել էր Ստեփանակերտը /տեղեկությունը լուրջ հետազոտման կարիք ունի/:
Այնուհետև ուղղություն վերցրեցինք դեպի Ստեփանակերտ:Ճանապարհը 2 կողմից ուղղեկցվում էր խիտ անտառներով , բլուրներով, ձորերով:
Քաղաքը շատ մաքուր էր և բարեկարգ:Կեսօրի տապն անգամ խոչընդոտ չէր հանդիսացել մարդկանց եռուզեռին::Հատկապես  քաղաքի կենտրոնը շատ գեղեցիկ էր:Շինարարություն էր գնում ամենուր, թե' բակերում, թե' փողոցներում, ողջ քաղաքում:
Ցավում եմ, որ երկար չմնացինք Ստեփանակերտում:Բժիշկների հերթական բզիկների / կարողություն2/ պատճառով շուտ լքեցինք այն: Սակայն այնքան բան կար անելու և տեսնելու:Ցավում եմ, որ չտեսա Ռոքսիին:
Ճանապարհը շարունակեցինք դեպի "Էկլեկտիկա" հյուրանոց, որտեղ  պետք է գիշերեինք:
"Էկլեկտիկա" հյուրանոցը

ժայռարձանը
Սամվելի լուսանկարածը
երևի սա էր Արցախի "ծովի քարը"
Նրանից մի քիչ հեռու էր գտնվում "Ծովին քար" հյուրանոցը, որն ավելի բարձրակարգ է և մոդերն:Սակայն վերջնական որոշումը կանգ առավ "Էկլեկտիկայի" վրա": "Ծովին Քարում" մենք մեզ չկորցեցինք ու արագ արագ նկարվեցինք "Առյուծ-ժայռարձանի" մոտ, բայց որոշ ժամանակ անց նկարները նայելիս` հայնաբերեցինք, որ Սամվելը մեզ նկարել է հսկա Առյուծի ժանիքների ու թաթի բութ մատ-եղունգի կողքին: Հատկապես մեր հարցումից հետո, որ գիդ-ուղեկցորդ Բարսեղն ասած, թե այլևս այդ կողմ  չենք գնալու, մենք պատրաստ էինք ողբ կապել: Սակայն որոշեցինք երեկոյան ընթրիքից հետո բժիշկներին լքել և թաքուն գնալ Ծովին քար ` նորից նկարվելու Առյուծի մոտ:Պլանը հաջողվեց այնքանով, որքանով ապացուցում են նկարները:Իհարկե դրանք ուղեկցվեցին Լիլկայի "շաքարի բարձրացմամբ" արցախյան  կովերի ներկայությունից / որը մի կերպ զսպվեց հովվի " վախիլ մի, վախիլ մի" հայերեն նախադասությամբ/, ճանապարհի անորոշ երկարությամբ /4կմ/, հեռախոս չվերցնելու մեր անմիտ արարքով և ըստ այդմ Սամվելի ու երեխեքի մամա Հասմիկի հիմնավորված պանիկայով:

արձանը նաև մռնչում էր.......
Ինտուիցիայով զգալով Սամվելի ու Հասմիկի բարկությունը` շտապեցինք  հասնել հյուրանոց, այլապես  երևի ոստիկանությունը կգար մեզ փնտրելու:Արագ արագ քայլելով  վերադարձանք մեր 4 կմ.ը, դեռ մութը չընկած, զգացինք բարկության չափն ու սահմանը մեր հարազատների,պարզեցինք , որ բժիշկները մտավախություն էին ունեցել, որ մեզ պատանդ կվերցնեին/կարողություն3/, մի 2 անկապ նախադասություններով արդարանալուց  հետո բարձրացանք   հյուրանոց ու պառկեցինք քնելու: Հաջորդ օրը ոտքերիս մկանային ցավը հիշեցնում էր մեր "թեթև" քայլարշավը, սակայն   լուսանկարների քանակը կոմպենսացնում էր այն:                                                                                                           

5 comments:

  1. Շատ հավես գրառում էր, նկարներն էլ շատ լավն են։
    Տրամադրությունս ահագին բարձրացավ։ ։))

    ReplyDelete
  2. Ողջույն Հասմիկ :)
    Շատ լավ է, որ Արցախը դուր եկավ...
    Շուշիիում կա ռուսական եկեղեցի` Ղազանչեցոցից մի քիչ վերևա...
    Ձորն իրականում կոչվում է Ջիդրդուզ, իսկ Ստեփանակերտը իրոք գնդակոծվում էր Շուշիի բարձունքից, ոչ թե ձորից...
    p.s. Ինչպես ես հասկացա, բժիշկներն են խանգարել մեզ հանդիպել... մյուս անգամ գիտենք ինչ կանենք ;)

    ReplyDelete
  3. Շնորհակալ եմ Սրտիկ ջան:Ճ
    Ռոքս,,ճիշտ ես հասկացել:Դ:Դ,,ավաղ:Դ:Դ:Դ

    ReplyDelete
  4. Շատ լավ գրառում էր, իսկապես որ "հավես գրառում", ես ինքս Ստեփանակերտից եմ, և այնպես ուրախացա այդ լավ խոսքերը ընթերցելիս()

    ReplyDelete
  5. Շնորհակալ եմ, Ռուզանկա ջան:Ճ

    ReplyDelete