Sunday, 5 August 2012

Ամաաառռ

Այն, որ ես  չեմ գտնում առաջին նախադասությունը  նոր գրառում սկսելու, նրանից է, որ  գրելու ֆոբիա եմ ձեռք բերել:Այսօր, երբ նոր ծանոթուհուս հայտնեցի, որ  բլոգ ունեմ,  մեղքի զգացողություն ունեցա:Ազնիվ խոսք նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ամեն օր մի նոր բան են գրում:Հետաքրքիր է ինչն է ինձ խանգարում? ՈՉԻՆՉ+ՀԱՎԵՍ:)))
Իմ 3 տարեկան բլոգի ծնունդն է մոտակա օրերին,  և  սա իմ 100րդ գրառումն է:Բայց չընկնեմ սենտիմենտալիզմի ու ռոմանտիզմի գիրկը, այնուամենայնիվ, ոգեցունց ու սրտաճմլիկ բաներ չասեմ այդ կապակցությամբ, այլ ուղղակի կգրեմ  ամռան մասին...
ԱՄԱՌն ինձ համար միայն եղանակ չէ:Այն իրավիճակ է, երևույթ, հաճելիի  ու օգտակարի անգերազանցելի համադրություն, ամբողջ տարին երազած ու սպասված պահեր, ջրի ու արևի իշխանություն, թթի, ելակի, ձմերուկի, սեխի, եգիպտացորենի ու պաղպաղակի համ ու գույներ, անակնկալ ու կարոտախտային հանդիպումներ կյանքիս տարբեր էտապների մարդկանց հետ, ստեղծագործական ու լիրիկական զեղումներ ծաղկանոցներում, որտեղ ծաղիկները իրենց շքեղությամբ ոչ մեկին անտարբեր չեն թողնում, առավոտյան սուրճ նրանց կողքին,  կատվի ու ձագերի խաղ նրանց մեջ, արևով ողողված շոգ առավոտ, աղավնիների ու թռչունների ձայն,  հետո էլ ասում են, թե դրախտ գոյություն չունի:
Ամառս ստացվեց ավելին, քան կպատկերացնեի, դեպքերով, թիթիզոտ, արևոտ, շոգ, արդյունավետ, ակտիվ, աղջկական, մամայական, ճամփորդություններով, նորույթներով ու խթաններով:
բարքեմփում   ....ոսրչոլգ Վահագնի հետ
Տպավորիչ էր ԱՄԱՌՍ այնքան,  որ օգոստոսի վերջ- դպրոցի գնալուն հումորով ու փիլիսոփայորեն եմ վերաբերվում:Գիտակցում եմ, որ այն ինչ արել ենք կոլեգա-ընկերուհիներով Տաթևում ու Ծաղկաձորում 5 օրվա ընթացքում, պատմվելու է 5 ամիս շարունակ, մեր ձայներն ու ծիծաղը արժանանալու են խիստ նկատողության, բայց մենք  ավելի ենք ոգևորվելու ու ավելի ցածր ձայնով շարունակելու, որ նկարները դնելու ենք Կայի սեղանի ապակու տակ, ու սպասելու, թե քանիսը կարտահայտվեն այդ մասին ու ինչ երանգներով...
Ու դեռ  շարունակվելու է ամառը:Ես դեռ չեմ ստացել այն գույնը արևից, որն ինձ է պատկանում, ես դեռ "մուսախա" չեմ եփել, ես դեռ չեմ կշտացել ջրից ու մրգերի համից.....


No comments:

Post a Comment