Wednesday, 29 May 2013

3.Պատմություն իմ մանկությունից

-Խելոք կնստեք այ էստեղ մինչև գամ,- ասաց մաման ու թեթև քայլերով հեռացավ:
Ես հարմար տեղավորվեցի եղբորս կողքին ու անցորդ-գնորդների բազմազանությունը  շեղեց մամային հետևելու ցանկությանս, ու ես տրվեցի ժամանակին ու իմ փոքր աշխարհին`  հետաքրքրությամբ դիտելով մեծ հանրախանութի անցուդարձը:
Չեմ կարող ենթադրել որքան, բայց նույն պատկերի անընդհատ կրկնումից հոգնած քիչ անց  անփութությամբ ոտքի կանգնեցի, նայեցի պատուհանի գոգին նստած եղբորս ու հարցրեցի, թե մաման որ կողմը գնաց:Նա ցույց տվեց աջ կողմը, իսկ ես էլ ավելացրեցի, որ ուզում եմ գնալ նրա մոտ:
Եղբայրս ինձանից մեծ լինելով զգուշաբար փորձեց ետ համոզել, սակայն այլևս համբերությունս լիովին սպառած, ես մի քանի անգամ կրկնեցի մտադրությունս, ու  նա ուղղակի ձեռքով ցույց տվեց սանդուղքը`   նստած մնալով պատուհանի գոգին:
Ես քայլերս ուղղեցի դեպի երկրորդ հարկը տանող սանդուղքը, բարձրացա վերև և հայտնվեցի երկար ու լայնարձակ սրահում ու սկսեցի առաջ շարժվել` հույս ունենալով գտնել մամային զանազան բաժիններից մեկում:
Երկար թափառելուց հետո անտարբեր վաճառողուհիների մոտ կասկած առաջացրեցի, և նրանք մոտ կանչեցին ինձ:
 Լինելով ընդամենը 4 տարեկան, որը ոչինչ չի արտասանում ռուսերենով,  բացի "դա" ու "նետ"-ից, առանց կաշկանդվելու մոտեցա, ու նրանց  ռուսերենով արագ-արագ բտբտոցից հասկացա, որ ԿՈՐԵԼ ԵՄ:Հարցերից միայն ըմբռնում էի մամա բառը, մի քիչ հասկանում էի, որ ուզում են հասկանալ տղա եմ թե աղջիկ, սակայն իրար ետևից այն հաճախականությամբ կրկնեցի դան ու նետը, որ նրանք ավելի անճարության մատնվեցին:Այն որ սեռս չէին կարողանում որոշել, իմ արտաքինի մեղավորությունն էր:Ես երբեք երկար մազեր չեմ ունեցել, մաման երբեք աղջիկ երեխայի թիթիզություններ չի փորձարկել վրաս, փոքր տարիքում հիմնականում կրել եմ եղբորս փոքրացած շորերը, իսկ Յալթայի արևից թխացած մաշկս վաճառողուհիներին առավել համոզել է իմ տղա լինելու մասին:
  Իրենց աղմկելով  նրանք այնպիսի խուճապ առաջացրեցին, որ ես սկսեցի լաց լինել:
Հուզմունքս կրկնապատկվեց, երբ նրանք միջոցներ ձեռնարկեցին անատոմիական ստուգման ենթարկելով ինձ:Կոմբինիզոնիս կոճակները սկսեցին արձակել և իջեցնել ներքև,իսկ ես պինդ բռնելով շորերս լացս վերածեցի հեկեկոցի:
Մի ամբողջ հավերժություն  տևեց իմ սեռը որոշելու պրոցեսը, նրանց չբավարարված հետաքրքրությունը, իմ ողբը, վիրավորված ես-իս դեգերումները շորերս իջեցնելու պարագայում, և վերջապես  հեռվից նկատեցի վախվորած մամայիս, որը շտապում էր դեպի հավաքված վաճառողուհիները:
Զգացի փրկությունս, հույսս, մամայիիիսս, որը մոտենալով գրկեց ինձ, պատասխանեց ծիծաղով նրանց հարցերին և առաջացավ դեպի նույն սանդուղքը, որն ինձ վերև էր բարձրացրել:Իսկ ես դեռ լաց էի լինում…. Չգիտեմ վախից էր դա, թե ուրախությունից, բայց ենթադրում եմ, որ մեղավորությունից էր:
Իջնելով ներքև ես տեսա եղբորս անշարժ նույն պատուհանի գոգին` չափազանց տխուր և վախեցած:Մաման չոր կանչեց նրան, մենք դուրս եկանք մեեեծ հանրախանութից և ամբողջ ճանապարհին նա հանդիմանեց եղբորս անհետևողական լինելու մեջ, իսկ ես ավելի ու ավելի էի ազդվում, որովհետև գիտեի, որ նա դրանում ընդհանրապես մեղավոր չէր……

No comments:

Post a Comment