Sunday, 23 June 2013

18. Իմ տատիկի հետ կապված պատմություն

Պարապմունքներս մի կողմից, մամայենց զբաղվածությունը` մյուս, և արդեն մեկ  տարուց ավելի  կլիներ, որ  տատիկիս չէի տեսել:
Վերջին քննությունս տալուց հետո  որոշեցինք գնալ նրան այցելության, և տեղ հասնելուն պես` ես առաջինը իջա մեքենայից ու շտապեցի մտնել տուն:Դուռը բացելով տեսա տատիս հյուրասենյակում նստած, ուրախ-ուրախ բարևեցի և մոտեցա, որ գրկախառնվեի:
Տատս նայեց դեմքիս և հարցրեց, թե ով եմ:Շանթահարվեցի, որովհետև տատս երբևեք իր տեսողությունից չէր բողոքել:Գամվեցի տեղում` չկարողանալով անունս արտաբերել...
Մերոնք  ներս մտան:Կամաց մամային  ասացի, թե`  չճանաչեց:Ծիծաղելով մաման մոտեցավ տատիս, ասաց, որ ես եմ, իսկ նա ամուր փաթաթվեց, ծիծաղեց, ոգևորիչ բառեր ասաց հասակիս ու դեմքիս փոփոխություններին, և ողջ ընթացքում անընդհատ համբուրում էր  ու ծիծաղում իր իսկ արածի վրա:Հետո սկսեց ինձ ուսումնասիրել:Հագուստս լավ տնտղելով անդրադարձավ մամային, թե ինչու ենք շորս այդքան կարճ կարել, կարելի էր կտորը ավելի շատ գնել:Մաման էլ համբերատար բացատրեց, թե "մոդան է էդպիսին, ջահելները հիմա կարճ են հագնում"....Տատս թերահավատորեն նայեց նրան, բայց ավելացրեց, որ ինքը լավ կտորներ ունի պահած, եթե ցանկանամ, կարող է նվիրել........


Տատիս սենյակի բույրը երբեք չեմ մոռանա:Ասեղնագործ նրբերանգ բարձերի ու սփռոցներից գալիս էր այդ հոտը, հին պահարանի դարակները միշտ լի էին ընկույզով ու ծիրանի կորիզներով:Աթոռների վրա տարբեր գույնի շալեր, գլխաշորեր ու ժակերտներ էին գցված, թափանցիկ վարագույրներից ներս էր ընկնում աղոտ լույսը, և ես միշտ զարմանում էի, թե ինչպես է տատիկս այդ լուսավորության տակ առանց ակնոցի  բազմագույն գուլպաներ գործում մեզ համար:
Ինչքան էներգիա և դրական լիցքեր կային նրա մեջ:Նեղլիկ փոքր աչքերն ու ճերմակ դեմքին  դրոշմված կնճիռները կորչում էին նրա մշտական ժպիտի մեջ:Փոքրամարմին էր, բայց ֆիզիկապես ամուր ու առողջ:Հանգիստ չէր կարողանում նստել, պետք է անպայման մի բանով զբաղվեր:Վեջին տարիներին իր սրբազան գործն էր համարում ծոռնուհուն քնացնելն ու օրորոցի կողքին ժամերով նստելը:
Չնայած որ վաղուց երեխա չէինք, մեզ հետ խաղում էր երեխայի պես, հումորներ անելով, երգերից տողեր, տաղեր ասելով:
Իր մասին խոսելիս միշտ ներկայացնում էր որպես բնիկ Երևանցի, զգալի կարևորություն տալով այն փաստին, որ ինքը ակնաբույժի թոռնուհի էր:Իր կյանքի տարբեր էտապների պատմություններով լցնում էր մեր երեկոները, իսկ կեսգիշերին նրա  սենյակի կողքով անցնելիս, միշտ լսվում էին  նրա բարձրաձայն աղոթքները............

....Կարոտել եմ տատիկիս բարի աչքերը, ժպիտը  ու ձայնը........

No comments:

Post a Comment