Sunday, 2 June 2013

6.Պատմություն, որ երբևէ որևէ մեկի չեմ պատմել

90 ականների վերջերին երբ "բաբամներն"  ու պարսիկները գրավեցին Երևանը, մեզ նույնպես  բախտ վիճակվեց շփում ունենալ նրանց հետ, և բարեբախտաբար այն ջիգիթը, որը "պատահեց" մեզ , ազգությամբ հայ էր:
Երիտասարդական մետրոյի տարածքում զբոսնելիս մի ամլիկ գառան դեմքով այրը մոտեցավ մեզ, կցկտուր հայերենով առաջարկեց լուսանկարել , իսկ մենք էլ միամիտ ու պարզամիտ համաձայնությամբ շարվեցինք իրար կողքի, քրքջալով ու չտեսությամբ ենթարկվեցինք, և Ա ջիգիթը անմահացրեց մեզ և տվեց իր հեռախոսահամարը, որպեսզի օրեր անց  հանձնի նկարները:
Տուն գնալիս մի լավ ծիծաղեցինք մեր արածի վրա, բայց հետո գիտակցեցինք, որ ավելի հիմար արարք քան դա  հնարավոր չէր պատկերացնել:Բայց և այնպես  հնարավոր չէր որևէ բան փոխել, ու մի քանի հետո օր զանգեցինք տրված համարով` պահանջելու նկարները:
Հեռախոսը վերցրեց մի այլ Բ ջիգիթ, և երբ խնդրեցինք Ա ջիգիթին, վերջինս ասաց, որ նրա հետ գործ չունենք, որովհետև նա ամուսնացած է:Ավելի ցնցող լուր չէր էլ կարելի սպասել:
Սակայն մենք հանդգնեցինք պնդել, որ մեզ նրանից ոչինչ հարկավոր չէ, այլ պարզապես վերցնել մի քանի նկար:Բ ջիգիթն բարեհամբույր գտնվեց և ասաց, որ անպայման կտեղեկացնի նրան:
Մի քանի օր անց զանգահարեցինք նորից, և վերը նշված անձնավորությունը օր և ժամ ասաց, ըստ որի Երիտասարդական մետրոյի մոտ վերջապես մենք կտեսնեինք ամուսնացած սփյուռքահային:
Երեք ընկերուհիներով լուրջ դեմքի արտահայտությամբ հանդիպեցինք նշանակված վայրում, Ա ջիգիթը առավել սիրալիր մեզ խնդրեց նստել մոտակա սրճարանում, որպեսզի  վերջապես տա մեր այդքան սպասված նկարները:
Մենք էլ խելոք խելոք ենթարկվեցինք նրան, որովհետև փաստի լրջության մեջ նախապես լավ խորացել էինք, քննարկել և ոչ մի կերպ չէինք ուզում նրա մոտ թողնել մեր նկարները:
"Բաբամը"  4 բաժակ սուրճ խնդրեց և մինչ սուրճը կբերեին, պայուսակից  հանեց մոտ 3-4 կգ պիստակով լի մի տոպրակ, դրեց սեղանին  և առաջարկեց փորձել:
Մենք ամաչելով մի 2 հատիկ վերցրեցինք, սակայն ինչպես գիտենք պիստակի աղի լինելը ավելի է գրգռում ախորժակը, և մինչ սուրճը կբերեին, կցկտուր զրույցի շուրջ  կիսեցինք տոպրակը:Ընթացքում նա տվեց մեր նկարները, մենք էլ քաղաքավարության  զոհ գնալով մի քանի րոպե ևս երկարացրեցինք հանդիպումը` վերջացնելով սուրճը:Անտարբեր ու թմրած դեմքով հրաժեշտ տվեցինք մեր ազգակցին, որովհետև դառը սուրճի և աղի պիստակի տհաճ համադրությունը պահանջում էր մի քանի լիտր ջուր, որը տվյալ պահին այդ տարածքում սուր պակասուրդ ուներ....

No comments:

Post a Comment