Monday, 10 June 2013

8.Կախվածության մասին

Սուրճի և արևի գերի ես դարձել եմ վաղուց:Առաջինն ինձ խմել սովորեցրել է հորեղբայրս:Իր սուրճից մի քիչ լցնում էր պնակի մեջ, ես էլ խաղալով սառեցնում, ու անհագ-անհագ խմում էի:Ընկերների հետ սուրճ խմելիս  ես նույնպես մասնակցում էի , և հիշում եմ, թե ինչպես  մի օր "Գուրգեն ձյաձյա" ընկերը  իր սուրճը  թափեց այբբենարանիս վրա...Այնուամենայնիվ դա ինձ դաս չեղավ, ու ես շարունակում եմ սուրճ խմել մինչև օրս, և առանց նրա չեմ պատկերացնում առավոտս...

Արևն իմն է եղել, որովհետև ես Արարատյան դաշտում եմ ծնվել:Այն իմ կախվածությունն է թե' կենսական, թե' հոգեբանական իմաստով:Կյանքիս բոլոր ձմեռները ես վատնում եմ գարնան արևի առաջին շողին սպասելով:Կարելի է ասել ես լիարժեք ապրում եմ արևի հետ, իսկ առանց նրա`  գոյատևում ........
Այս երկուսից բացի ես ունեցել եմ շատ կախվածություններ, որոնք միշտ հաջորդել են մեկը մյուսին, մի քանիսը անվերադարձ, մի քանիսն էլ սպառված......
Իմ վերջի կախվածությունը համակարգչից-ինտերնետից է:Երբեմն բարկանում եմ երեխեքիս վրա, որ առավոտյան արթնանալուն պես միացնում են համակարգիչը:Ես նրա կոողքով անտարբեր չեմ կարողանում անցնել, իսկ ժամերն էլ թռչում են նրա առաջ:Լինում են դեպքեր, երբ կարդալուց, անծանոթներին ուսումնասիրելուց, երաժշտություն լսելուց հետո ես անցնում եմ ֆիլմեր դիտելուն, և չեմ նկատում, թե ինչպես գիշերը նոսրանում է ու վերածվում  առավոտի: Կարծում եմ , կգա մի օր, որ տան անդամները նստացույց կամ հացադուլ կհայտարարեն իմ այս կախվածության դեմ, որովհետև բողոքներն ու դժգոհությունները արդեն արվում են բարձրաձայն, երբեմն` սպառնալից,  բայց` ապարդյուն:Առայժմ ես չունեմ սրան փոխարինողը, սա ինձ տալիս է շատ դրական լիցքեր, անջատում է կենցաղից, գյուղական կյանքից:Այն իմ պատուհանն է դեպի մեծ աշխարհ:Նրա օգնությամբ ես դարձել եմ ավելի անկեղծ /բլոգինգի պատճառով/, հումորի զգացողությունս ծաղկում է ապրում, ձեռք եմ բերել արագ մտածելու ունակություն, դարձել եմ ավելի շրջահայաց, ստեղծագործական միտքս վերելք է ապրում, տարբեր բնագավառներից լուսաբանվում եմ,   և ամենակարևորը` այն ինձ երիտասարդացնում է:
Շատ կուզենայի երբևէ կախվածություն ունենալ գրքերից:Այն առայժմ ինձ չի հաջողվում:Միայն մասնագիտական գրքեր եմ վերջերս ընթերցում` հանրագիտարաններ, կենսագրականներ, հայ ժողովրդի պատմություն, բայց դրանք ինձ չեն բավարարում:Երազում եմ լուռ գրադարան ունենալու մասին, որտեղ կկարողանամ հավաքել բոլոր գրքերն ըստ հեղինակների , ժամանակաշրջանի, ժանրերի....
Իսկ ծերությունս միանշանակ պատկերացնում եմ գրքերի հետ, սեփական գրադարանում, այգում կամ պատշգամբում, բազկաթոռին հենված, հոգսերը թողած երիտասարդության հետ, գրքերի մեջ ու միայն գրքերի աշխարհում…..

No comments:

Post a Comment