Saturday, 27 July 2013

26.Զարմանալի զգացողություններ

  Փոքր երեխաներ ես չէի սիրում:
Նրանց լացն իմ համար անտանելի էր, նրանց հետ մենակ մնալը տանջանք էր,  դիսկոմֆորտ ու լարվածություն:
Բացարձակ անտարբերություն ունեի մանկական հագուստի, խաղալիքների ու տարատեսակ պարագաների նկատմամբ:Չափահասին հատուկ լրջությամբ էի վերաբերվում երեխաներին, մեծավարի նկատողություն անում որևէ անկարգության համար, նրանց զվարճալի արարքներին ու ժպիտին նայում անխղճորեն սառնասիրտ:
Ծայրահեղական հակառակ դրսևորումներ ունեցա իմ երեխաներին ունենալիս:Շրջապատող բարեկամների համար բավականին զարմանալի էին իմ մայրական զգացողությունները, իմ համար առավել ևս:
Մամա լինելու երջանկությունը ամեն առավոտ ավելի ու ավելի էր խորացնում Հարութը, երբ արթնանալիս  տասնյակ անգամ, զարթուցիչի հաճախականությամբ տարբեր երանգավորումներով, կրկնում էր մամա բառը,  մինչև ես կսթափվեի խորը քնից, աչքերս կբացեի, կգրկեի նրան ու կսկսեի իմ հերթական մամայական օրը, որը լի էր երջանիկ ու անհոգ հոգսերով:
Մամայության կատարելությունը զգացի Էլենին ունենալիս:Երբ ամեն ինչ դարձավ աղջկական, թիթիզական, ավելի էմոցիոնալ, աշխույժ ու կյանքով լի:
Հիմա ես իրենց արդեն չեմ գրկում:Գիրկը նստեցնել-սիրելն էլ բաժին է ընկնում մենակ Էլենին:Հարութն ինքն է կատակով մեկ մեկ ասում, մամ արի քեզ գրկեմ:
Ու ժամանակի հետ համընթաց ես բոլոր երազանքներս ու ցանկություններս կապում եմ նրանց հետ, ապրում ու օրս լցնում  նրանցով.....,
վայելում իմ կյանքում եղած ամենազարմանալի զգացողությունը....

No comments:

Post a Comment